Posted in հայրենագիտություն

ԷՐԵԲՈՒՆԻ. բերդաքաղաք, ամրոց, պատմություն

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից: Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։

Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում էին 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական: Մյուս կողմից` Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության համար կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել:

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։

Էրեբունիի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության:

Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։

Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում:

Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ: Գտնված 2 նույնօրինակ սեպագրերը համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագրերը, որոնք թույլ են տալիս այն դասել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքին:

Էրեբունի ամրոցը գտնվում է Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում, որն ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հա տարածքը: Այն սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունեցել է 126.100 բնակիչ։

Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում:

            Էրեբունի վարչական շրջանում է գտնվում  Երևանի երկրորդ օդանավակայանը՝ Էրեբունի օդանավակայանը: Անկախությունից ի վեր «Էրեբունին» հիմնականում օգտագործվում է ռազմական կամ մասնավոր թռիչքների համար:

2016-2017 թվականի դրությամբ վարչական շրջանը ուներ 23 հանրակրթական դպրոց, 3 մասնավոր դպրոց, ինչպես նաև 2 մասնագիտական դպրոց և նաև հատուկ կարիքներով երեխաների համար: Կա նաև Միքայել Մալունցյանի անվան գեղարվեստի դպրոցը և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը:

Էրեբունի վարչական շրջանի վարչակազմը 2015 թվականից սկսած պաշտոնական համագործակցություն ունի Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ:

Ճանապարհային քարտեզ՝ Մ. Սեբաստացի կրթահամալիրից դեպի Էրեբունի թանգարան

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s