Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

89813101_233228837855371_4781868548433641472_n
9,6 կմ, 12 րոպե առանց խցանումների



Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ պահվում են 87000-ից ավելի մշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը` հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Երկարատև դեգերումներից հետո` 2005 թ., թանգարանն ի վերջո իր մշտական հանգրվանը գտավ Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը, գտնվելով նախկին պատմական բերդի տարածքում, թանգարանի հետ միասին կազմում է միասնական ճարտարապետական համալիր: Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:

2007 թ. ապրիլի 3-ին բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը. այն բաղկացած է 3 սրահներից, որտեղ այցելուները հնարավորություն ունեն թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ծանոթանալ հին ու նոր Երևանը ներկայացնող հետաքրքիր արժեքներին: Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր` 80-40 հազար տարի առաջ, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի): Երկրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարում (Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևանի բերդի գրավումը և դրա հետ կապված նյութեր, Երևանի կենցաղը, ունևոր երևանցու բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարի խանութ-արհեստանոցները, քաղաքային ինքնակառավարման մարմինների (քաղաքային դումա) գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների գործունեությունը): Երրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարի վերջից մինչև այսօր (տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը, մամուլը, քաղաքաշինությունը, սպորտը, Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված ցուցադրություն, Երևանը և իր քույր քաղաքները, Երևանի խորհրդանիշները):

Անգլիական այգի


Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Անգլիական այգին նաև Թատերական են կոչում, որովհետև հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։  Այգին նորոգվել է 1919 թվականին, իսկ 1920 թվականին այստեղ է կայացել Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի ֆուտբոլային առաջին հանդիպումը։
Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։ 

Արգիշտի արքայի մասին

Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրա հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Վերջինս իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտիի օրոք Այրարատյան դաշտը վերածվել է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակության շրջանի: Այստեղ մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի (Երևան), իսկ մոտ 776 թ-ին՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքները: Նրա օրոք կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլ շինություններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Հայտնաբերվել են Արգիշտիին վերաբերող արձանագրությամբ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր: 

Էրեբունի թանգարան

This image has an empty alt attribute; its file name is image.jpeg

Հանրության առջև Էրեբունի թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին`   ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության  2003թ.  մարտի 7-ի N  313-Ն որոշմամբ վերանվանվելով  որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան`   Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով`   հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը`   պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը`   ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: 
Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը գործել է մինչև 1982թ.: 1982-ից մինչ օրս գործող  գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան`  իրենց ստացած տպավորությունների մասին  գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:  

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s