Posted in հայրենագիտություն

Գառնու տաճարի, Քարերի սիմֆոնիաի և ԳԵՂԱՐԴ վանակն համալիրի մասին

ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Քարերի սիմֆոնիան

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

ԳԵՂԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր է Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Համաձայն  լեգենդի`  մի  ազնվատոհմիկ  ընտանիքից քույր և եղբայր որոշեցին թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Աստվածահարս կույսի օգնությամբ նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերջ հավատով ապրում և ծառայում են տաճարին: Այդտեղ էլ կնքում են իրենց երկնանվեր կյանքի մահկանացուն:

Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը[3]։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment