Posted in Մայրենի, Ես և շրջակա աշխարհը, Uncategorized

Արև, Լուսին, Աստղեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:

Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:                                                                                                            սավառնել –թռչել

Աստղեր  

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

 

վիթխարի — շատ մեծ, հսկա