Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, Continue reading “Մեծ գյուտարարը”
Category: Մայրենի
Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»
Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը:
Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան, որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը Մատնաչափիկին տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Խլուրդը ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարունը և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:
Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:
Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:
Հարցեր և առաջադրանքներ
- Քեզ անծանոթ բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնության
-
մայիսյան- տեղի ունեցող՝ կատարվող՝ եղող
-
կոկոն-բողբոջ
-
ջրաշուշան-ջրային բույս
- Քո կարծիքով ինչու՞ ծիծեռնակն օգնեց Մատնաչափիկին: Հարցին պատասխանի՛ր ամբողջությամբ:Որովորհետեվ Մատնաչափիկը օգնել էր ծիծեռնակին բուժվել:
- «Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ» պարզ ընդարձակ նախադասությունը դարձրու՛ պարզ համառոտ:
Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ:
- Paint ծրագրով նկարի՛ր հեքիաթը և նկարը կցի՛ր հեքիաթին:
Չարաճճի արևը
Չարաճճի արևը միշտ ուզում է, որ լույս լինի: Նա շատ ուժեղ լույս է տալիս: Նա թաքնվում է ամպերի ետևում: Նա գիշերը գնում է հանգստանալու: Նա շատ տաք է: Եթե նրան դիպչես, ապա կայրվես: Չարաճճի արևը շատ է ուզում, որ մենք ուրախ և տաք լինենք:
Չարաճճի արևը շատ է սիրում մեզ:
Արև, Լուսին, Աստղեր
Արև
Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:
Լուսին
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:
Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը: սավառնել –թռչել
Աստղեր
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
վիթխարի — շատ մեծ, հսկա
Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացաույցերով:
Հարցեր և առաջադրանքներ
- Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:
գանգատ-
տրտնջալ-
աստղադիտակ-
աստղացույց-
մանրադիտակ- - Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին
- Ի՞նչ գիտես Կոպերնիկոսի, Գալիլեյի և Լևենգուկի մասին: Համացանցում փնտրի՛ր և կարդա՛ նրանց մասին: Ի՞նչ հայտնագործություններ են արել նրանք:
Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր. «Մեր տերն ամենից շատ ինձ է սիրում»:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը,- և գիտե՞ք ինչու: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում: Հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:
— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտե՞ք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչն է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թո՛ղ տուր դրանց, Բողա՛ր, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Անծանոթ բառեր՝
երեխանց համար- երեխաների համար
լավությունն ուրանալ- ուրիշի արած լավությունը մոռանալ
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունները օնլայն բառարանի միջոցով:
պնդել-
արոր —
տափան-
հագնելիք-
ժրաջան-
եղ-
խպշտել-
երախտագետ-
թող տալ-
- Քո կարծիքով հեքիաթում եղած կենդանիներից որի՞ կատարած աշխատանքն է ավելի անհրաժեշտ մարդուն: Ինչու՞:
- Ի՞նչ ընտանի կենդանի ունես: Paint ծրագրվ նկարի’ր նրան, տեղադրի’ր քո բլոգում ու պատմի՛ր նրա մասին:
Խոսող ձուկը. Հովհաննես Թումանյան
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։
Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։
— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։
«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։
— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…
— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։
Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։
— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։
Համաձայնում են. հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։
— Որտեղի՞ց ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ընչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
— Ուրեմն ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։
— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։
— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն նապաստակը ձագ է։
— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։
— Ուրեմն մարդը թզուկ է։
— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
— Ուրեմն խուլ է։
— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…
— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…
— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։
Հարցեր և առաջադրանքներ
- Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
- Բառերի համար զույգեր հորինի՛ր:
օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:
Հրեշ-
ծով-
անծանոթ-
ախպեր-
գիշեր-
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանիօգնությամբ բացատրի՛ր։
- Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
- Ինչպիսի՞ն էր ձուկը:
- Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
- Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր բլոգումդ:
- Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
- Նամակ գրի՛ր ձկանը:
Իմ տարբերվող մայրիկը
Իմ մայրիկը ինձնից բարձրահասակ է:Իմ մայրիկը շատ լավն է: Նա կատարում է իմ ցանկությունները:Իմ մայրիկը ինձ շատ է սիրում, ինձ լավ-լավ տեղեր է տանում:Իմ մայրիկը ուզում է, որ միշտ մենք ուրախ լինենք:Իմ մայրիկը կոնֆետներ է գնում:Նա մեզ միշտ պատվիրում է խաղալիքներ:Նա ինձ օգնում է անգլերեն սովորել: Իմ մայրիկը շատ բարի է:Նա ամենալավ մայրիկն է:Ես նրան շատ եմ սիրում:

Մեր սրտի գարուն
Արդեն գարուն է: Եղանակը տաք է, ծառերը և ծաղիկները ծաղկում են: Գարնանը թռչունները վերադառնում են տաք երկրներից: Երեխանները դուրս են գալիս բակ խաղալու: Ձյունը հալչում է: Մարտի 8-ը մայրերի և քույրերի տոնն է: Ես իմ մայրիկին միշտ նվիրում եմ ծաղիկներ: Ես շատ եմ սիրում գարունը:
Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։
― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։
― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։
Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։
― Գնում եմ աստծու մոտ։
― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։
― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։
― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։
― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։
― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։
― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։
― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
— Հը՛, աստված ի՞նչ ասաց։
― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։
― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:
Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել
Հարցեր և առաջադրանքներ
1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:
-
Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:
3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:
-
Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:



