Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:
Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից:
Մատենադարանի ամենամեծ գիրքը «Մշո ճառնդիրն» է , իսկ փոքրը «Տոնացույց»-ը :
«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Այն գրվել է 1200-1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։
Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977 թվականին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։
Դժվար ճամանակներին կանայք «Մշո ճառնդիր»-ը կիսել են: Կեսը թաղել հողի տակ, իսկ մյուս կեսը փախցրել իրենց հետ: Հիմա հողի տակ թաղված կեսը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել Էջմիածնում, Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում։Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»